Երկխոսությանը մասնակցած ուսուցիչները կարծես տարատեսակ պատկերա-ցումներ ունեն դեմոկրատիայի ու ազատական արժեքների մասին։ Երբ նրանց ուղիղ հարցնում էինք, թե ինչպես են հասկանում կամ սահմանում դրանք, կարծես դժվարանում էին հստակ պատասխաններ տալ։ Այնուամենայնիվ, ընդհանուր թեման, որ ի հայտ եկավ, ազատական արժեքների կապակցությամբ, զգուշավոր լինելու անհրաժեշտությունն էր։ Օրինակ՝ ուսուցիչներից մեկը նշում է. «Մենք պետք է պայքարենք դրա [ազատականության] դեմ, որպեսզի չափավոր լինի, այլ ոչ թե ծայրահեղ»։ «Չափավորի» և «ծայրահեղի» այս տարբերակումը հնչում է ուսուցիչների մեծ մասի խոսքում։ Նույն կերպ Մենուան, ով պատմության ուսուցիչ է Տավուշում, առանձնացնում է ազատական արժեքների երկու թև՝ չափավոր ու ծայրահեղ։ Սակայն նշելով, որ փոքր ազգերը դառնում են այդ արժեքների զոհը, նա չի մանրամասնում, թե կոնկրետ ինչպիսի հետևանքների են բերում «ծայրահեղ ազատական արժեքները»։ Միևնույն ժամանակ Մենուան խոստովանում է, որ չի կարող ապրել առանց այդ արժեքների, որովհետև «աշխարհն ունի իր կանոնները»։
Երկխոսության ժամանակ արտահայտված կարծիքները թույլ են տալիս ենթադրել, որ դեմոկրատիայի ու ազատականության մասին ուսուցիչների պատկերացումները հիմնականում կազմված են սեփական փորձի և դիտարկումների հիման վրա։ Հայաստանում և Արցախում վերջերս տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխությունները նույնպես ազդել են նրանց ընկալումների վրա։ Օրինակ՝ Մենուան նշում է, որ «ՅՈՒՆԻՍԵՖ-ի նման կազմակերպությունները, որ ստեղծվել են հենց այդպիսի [դեմոկրատական] երկրներում, ոչինչ չեն արել Հայաստանում», և հավելում է, որ «բոլոր դեմոկրատական երկրները ցածր մակարդակի վրա են, երբ խոս¬քը վերաբերում է դեմոկրատական քայլեր ձեռնարկելուն»։ Իսկ ահա ուսանողներից շատերի դեպքում ազատական արժեքների ընկալման հարցում նշանակալի դեր է ունեցել կրթությունը։ «Նրանք ազատականություն են ներարկել մեր գլուխներում», - ասում է UWC Իտալիայի մասնաճյուղի շրջանավարտ Արամը, որի կարծիքով՝ դեմոկրատիան չի կարող գոյություն ունենալ առանց ազատական արժեքների։
Հատկանշական է, որ Արամի ազատական կրթությունը կարծես չի մղել նրան լիբե-րալիզմն անվերապահորեն ընդունելու գաղափարին։ Հարկ է նշել, սակայն, որ չնա-յած ազատական կրթությունը և ազատականությունը որպես գաղափարախոսություն ունեն փոխադարձ կապեր, ազատական կրթությունը պարտադիր չի ենթադրում, որ բոլոր սովորողները պիտի ընդունեն ազատական քաղաքական գաղափարախոսությունը։ Օրինակ՝ Արամը, քննադատելով ազատականությունը, նշում է. «Ազատության հետևանքների մասին չեն խոսում. ինչպե՞ս իմ ազատությունը կազդի ուրիշների վրա»։ Հարկ է նշել, որ կոնկրետ այս ուսանողը ազատականությու հիմնականում ընկալում է որպես անհատի կատարյալ ազատություն, հավանաբար ընդհուպ մինչև հեդոնիզմ։ «[Ազատականության] սահմանումն այն է, որ մարդ կարող է անել, ինչ ուզում է. օրենքը չպիտի արգելի», - ասում է Արամը։ Բայց չնայած տարբեր սահմանումներին ու մեկնաբանություններին՝ ազատականությունն այնքան էլ չի ենթադրում անսահմանափակ ազատություն։ Ու թեև չկա հստակ ըմբռնում, թե ազատական պետությունը որքանով կարող է սահմանափակել անհատական ազատու-թյունները և ինչպիսի պատասխանատվություն են կրում անհատները միմյանց հանդեպ՝ համաձայն ազատական արժեքների, սակայն ազատականություն ոչ մի տեսակ չի անտեսում մի անհատի ազատության հետևանքները մյուսների վրա։
Տես նաև՝
Այս հոդվածը գրվել է ուսուցիչների և սովորողների միջև կայացած երկխոսության հիման վրա՝ «Միջսերնդային երկխոսություն» ծրագրի շրջանակներում, որ իրականացնում է «Պարադիգմա կրթական հիմադրամը»՝ համագործակցելով «Ֆրիդրիխ Նաումանի հիմադրամի» հետ։ Անձի ինքնության գաղտնիությունը պաշտպանելու նպատակով երկխոսության մասնակիցների իրական անունները փոփոխվել են։
Comments