top of page
Paradigma Reporter

Միջսերնդային երկխոսություններ. Մենք և ազգայնականությունը. մաս 1



«Ազգայնականությունը ազգի ինքնակատարելագործման կարևոր դրսևորում է», - ասում է Ներսեսը, ով ուսուցիչ է Տավուշում և կարծում է, թե հայերը հնագույն ժամանակներից են ազգայնական եղել։ Նրա տեսակետը հավանաբար ենթադրում է, որ ազգայնականությունը հայկական ինքնության անբաժանելի մասն է, չնայած ազգայնականությունը, ինչպես որ այն այսօր է հասկացվում, գոյություն չուներ «հնագույն ժամանակներում»։


Առանց ազգայնականության միասնական սահմանում առաջարկելու՝ երկխոսութ-յանը մասնակցած ուսուցիչներից շատերը կա՛մ դրական ընկալում ունեն դրա մա-սին, կա՛մ էլ կարծում են, որ այն կարող է օգտագործվել մեր բարօրության համար՝ չնայած հնարավոր վտանգներին։ Ուսուցիչներից մեկը, օրինակ, նշում է, որ «յուրաքանչյուր ազգ պիտի ունենա իր ազգայնականությունը, որպեսզի կարողանա ստեղծել համամարդկային արժեքներ», թեև հետո բացատրում է, որ ազգայնակա-նություն ասելով՝ շատ ավելի նկատի ունի ազգային ինքնագիտակցությունը։ Ազգայնականության ու առաջընթացի ենթադրյալ կապը նկատում է նաև մեկ այլ ուսուցիչ։


Հաշվի առնելով մասնակիցների գաղափարներն ու փորձառությունը՝ թե՛ նրանց կարծիքների միջև, թե՛ ազգայնականության մասին եղած տեսակետների միջև հսկայական տարբերություն կա այն առումով, թե ինչ է ազգայնականությունը։ Ուսուցիչներից մեկի խոսքով՝ աշխարհաքաղաքական գործոններից կախված՝ ազգայնականությունը կարող է տարբեր նպատակներ հետապնդել։ Այսպես, նա կարծում է, որ հայ ազգայնականության գլխավոր դրսևորումը անկախ պետականության և ազգային արժեքների պահպանման մեջ է։ Մյուս կողմից՝ «եվրոպական երկրներում ազգայնական գաղափարներն ասոցացվում են մարդու իրավունքների և ընտելու իրավունքի հետ, մինչդեռ արևելյան մշակույթներում դրանք իմպերիալիստական են. փորձում են ընդլայնել սեփական տարածքները և ծնկի բերել թշնամիներին»։ Ավելորդ է ասել, որ այսպիսի ընդհանրացումը հերքվում է տեսության ու պրակտիկայի միջոցով. տարբեր երկրներում դրսևորված ազգայնականությունները շատ ավելի նման են, քան թվում է առաջին հայացքից։


Ի հակադրություն այն ուսուցիչների, ովքեր ազգայ¬նականության մասին հիմնա-կանում դրական են խոսում, ուսանող Մինասը քննադատական մոտեցում ունի։ Ազգայնականության հանդեպ իր ատելությունը չթաքցնելով՝ նա գտնում է, որ այն «արհեստածին երևույթ է, որը կարող է բացասական հետևանքներ ունենալ փոքր ազգերի համար»։ Հատկանշական է, որ Մինասը ազգայնականությունը հակադրում է իրատեսությանը։ «Դրա ապացույցն են 1918-1920 թթ. դեպքերը, երբ Հայաստանում իշխանության եկան ծայրահեղ ազգայնական ուժեր։ Եթե իշխանությունը պատկաներ ավելի իրատեսական կառավարությանը, Հայաստանի առջև ծառացած խնդիրների մեծ մասն այսօր չէին լինի», - բացատրում է Մինասը։ Այս հայ-տարարությունը երկխոսության ընթացքում մի շարք բանավեճերի առիթ դարձավ, և շատ ուսուցիչներ հարկ համարեցին ուղղել նրան ու սադրիչ հարցեր տալ, որպեսզի փոխի իր դիրքորոշումը։ Սա հավանաբար արտահայտում է այն տենդենցը, որ նկատելի է նաև դասասենյակներում, երբ ուսուցիչները դասավանդում են համանման թեմաներ, իսկ աշակերտների կարծիքը տարբերվում է նրանց կարծիքից։


Տես նաև՝

  • Միջսերնդային երկխոսություններ. Մենք և ազգայնականությունը. մաս 2

 

Այս հոդվածը գրվել է ուսուցիչների և սովորողների միջև կայացած երկխոսության հիման վրա՝ «Միջսերնդային երկխոսություն» ծրագրի շրջանակներում, որ իրականացնում է «Պարադիգմա կրթական հիմադրամը»՝ համագործակցելով «Ֆրիդրիխ Նաումանի հիմադրամի» հետ։ Անձի ինքնության գաղտնիությունը պաշտպանելու նպատակով երկխոսության մասնակիցների իրական անունները փոփոխվել են։


42 views0 comments

Comments


bottom of page