top of page
Paradigma Reporter

Միջսերնդային երկխոսություններ. Մենք և ազգայնականությունը. մաս 3



Ուսուցիչներն ու սովորողները կարծես որոշակի կարծրատիպեր ունեն այն մասին, թե ինչ է հայկական ինքնությունը, և ազգայնականությունը համարում են մի վահան, որ օգնում է խուսափել այնպիսի ազդեցություններից, որոնք, նրանց կարծիքով, հակասում կամ վտանգավոր են այդ ինքնության համար։ Սրա վառ օրինակն է ուսուցիչներից մեկի դեպքը, որ իր դասընթացների ժամանակ ավելի է շեշտադրում ազգայնականությունը՝ կարծելով, թե այսօր ազգային ինքնությունը վտանգի տակ է։ «Օրինակ՝ երբ Միացյալ Նահանգները կամավորներ է ուղարկում իր մշակույթը քարոզելու, նրանք ոչնչացնում են մեր ազգային ինքնությունը», - ասում է նա։ Ավելին՝ այն հանգամանքը, որ սովորողները պետական բուհերի փոխարեն ՀԱՀ կամ Հայ-ֆրանսիական համալսարան են ընդունվում, վկայում է նույն խնդրի մասին, որովհետև ենթադրվում է, որ արդյունքում նրանք կլքեն Հայաստանը, թեև այս ենթադրությունը հաստատող ապացույցներ չկան։ Այս ուսուցչի կարծիքը հաշվի չի առնում այն հնարավորությունը, թե գուցե այդ համալսարանները սովորողներին հետաքրքրում են իրենց տված կրթության որակի շնորհիվ, այլ ոչ թե սովորողների մոտ ազգային ինքնագիտակցության բացակայության պատճառով։


Հայկական ինքնությանն ու պետականությանը սպառնացող մեկ այլ վտանգ են տարբեր կրոնական աղանդները, «որոնք մարդկանց դարձնում են իրենց կազմակերպությունների անդամներ, իսկ նրանց երեխաները հրաժարվում են ծառայել բանակում»։ Հայկական հասարակության մեջ բանակում ծառայելն ու ճակատամարտում կռվելը համարվում են հայրենասիրության բարձրագույն դրսևորումներ։ Սակայն կարծիքները փոխվում են, և ուսուցիչներից ոմանք բախվում են այն ծեծված նարատիվին, թե մարդ պիտի մեռնի իր հայրենիքի համար, որպեսզի ապացուցի իր հայրենասիրու¬թյունը։ «Ես կարծում եմ, որ հայրենիքին ծառայելը ոչ միայն զենքով է լինում, այլև ապրելով՝ հանուն հայրենիքի», - ասում է Նելլին։ Մեկ այլ ուսուցչուհի՝ Տաթևը, կիսում է այս տեսակետը՝ հավելելով, որ «եթե բոլորս ձգտենք գերազանցության մեր մասնագի-տություններում, ծառայենք պետությանը, ապա հարկ չի լինի մեռնել հայրենիքի համար»։ Չնայած այս ուսուցիչները կարծես այլ կերպ են ընկալում հայրենիքին ծա-ռայելը, նրանք նույնպես անհատի ինքնությունը կապում են պետության հետ։


Երկխոսության ընթացքում անընդհատ կրկնվող օրինաչափություններից մեկն այն գաղափարն է, որ խաղաղությունն ու ազգայնականությունը միմյանց բացառող երևույթներ են։ «Եթե ինչ-որ մեկն ասում է, որ խաղաղության կողմնակից է, նրան [բավականաչափ] ազգայնական չեն համարում», - նկատում է Նելլին՝ հավելելով, որ «հայկական ազգայնականությունն ուղղված է Թուրքիայի դեմ. ով ատում է Թուրքիան, նա է ազգայնական»։ Նելլին համաձայն չէ այդպիսի տրամաբանության հետ և կարծում է, որ խաղաղությունը կարող է համագոյակցել ազգայնականության հետ։ Ավելին՝ նրա խոսքով՝ երբ երկիրը գտնվում է խաղաղ, կայուն վիճակում, ազգայնականություն քարոզելու կարիք չկա։ Մյուս կողմից՝ ուսանող Մինասը կարծում է, որ թեև միշտ չէ, որ պատերազմների հիմնական պատճառը ազգայնականությունն է, «մենք չենք ունենա խաղաղ երկիր, եթե չվերացնենք ազգայնականությունը»։


Տես նաև՝


 

Այս հոդվածը գրվել է ուսուցիչների և սովորողների միջև կայացած երկխոսության հիման վրա՝ «Միջսերնդային երկխոսություն» ծրագրի շրջանակներում, որ իրականացնում է «Պարադիգմա կրթական հիմադրամը»՝ համագործակցելով «Ֆրիդրիխ Նաումանի հիմադրամի» հետ։ Անձի ինքնության գաղտնիությունը պաշտպանելու նպատակով երկխոսության մասնակիցների իրական անունները փոփոխվել են։

38 views0 comments

Comments


bottom of page