top of page

Միջսերնդային երկխոսություններ. Մենք և հակամարտությունը. մաս 3



ինչպես են հակամարտություններն ուսուցանվում, վարվում և լուծվում. արդյո՞ք տարբեր հակամարտություններ եզակի են և պահանջում են առանձին լուծումներ, թե՞ կան համընդհանուր մոտեցումներ, որոնք օգնում են լուծել հակամար-տությունները՝ անկախ դրանց մասշտաբից ու տեսակից։ Եվ ինչպե՞ս են ուսուցիչները դասավանդում այդ ամենի մասին ու ի՞նչ լուծումներ են առաջարկում։ Հատկանշական է, որ լուծումների մասին խոսելիս անհատական և աշխարհաքաղաքական խնդիրների միջև քիչ տարբերություն էր դրվում։ Ուսուցիչները հարցերին պատասխանում էին երկու տեսանկյուններից էլ և հաճախ օգտագործում էին միևնույն լեզուն լուծումների ուղիները մատնանշելու համար։ Ընդհանուր առմամբ ուսուցիչների մեծ մասն այն կարծիքին է, որ հակամարտությունների և խնդիրների լուծումը սովորաբար պահանջում է փոխադարձ հարգանք ու միմյանց լսելու ցանկություն։


Անհատական մակարդակի համար ուսուցիչները նշում են, որ երբ սովորողները դասասենյակում կոնֆլիկտ են ունենում, դա հաճախ մոռացնել է տալիս ամենը, ինչ պատրաստվում էին քննարկել։ «Այդպես շատ է եղել. օրինակ՝ մտնում եմ դասասենյակ՝ իմանալով, թե խոսելու եմ Ավարայրի ճակատամարտի մասին, բայց սովորողներն ունեն անհատական կամ խմբակային կոնֆլիկտ որևէ այլ հարցի շուրջ։ Նման դեպքերում ես չեմ խոսում նախապես ծրագրված թեմայի մասին», - ասում է ուսուցիչներից մեկը։ Ուսուցչուհի Սուսաննան նշում է, որ նման իրավիճակներում համատեղ աշխատանք է հանձնարարում այն սովորողներին, որ «իրար չեն սիրում»։ «Նախ՝ նրանք սկսում են լսել իրար, որովհետև ստիպված են, այնուհետև ցանկություն է առաջանում խոսել իրար հետ»։


Մարթան նշում է, որ ավելի գլոբալ մակարդակում՝ աշխարհաքաղաքական հակամարտություններ ուսումնասիրելիս, փորձում է քննարկել տարբեր կողմերի շահերը։ Իսկ Լիան ասում է, որ դերային խաղեր է կազմակերպում. «Խմբերից մեկը ներկայացնում է մի կողմի շահերը, մյուս խումբը՝ մյուս կողմի շահերը, իսկ երրորդ խումբը հանդես է գալիս որպես չեզոք դիտորդ և վերլուծում է այն, ինչ ասում է խմբերից յուրաքանչյուրը։ Լիան նկատում է, որ նախկինում ուսումնական ծրագիրը պահանջում էր ներկայացնել կոնկրետ տեսակետներ, իսկ հիմա առավել կարևորում է մտածողությունը։ Երբեմն երբ նա որևէ հարց է տալիս սովորողին, ստանում է մի պատասխան, որին չէր սպասում։ Բայց նման դեպքերում չի ասում, թե սովորողը սխալվում է, այլ հարցնում է. «Իսկ փորձե՞լ ես իրավիճակին նայել հետևյալ տեսանկյունից»։ Պատճառները, որ այսպես է վարվում, վերաբերում են ուսուցչի ունեցած աֆեկտիվ ազդեցությանը. Լիայի կարծիքով՝ եթե ուսուցիչը հայտարարում է, թե այսինչ բանը սխալ է կամ ճիշտ, սովորողներն իրենց պարտավորված են զգում ընդունել դա որպես փաստ, այնպես որ ինքը շատ զգուշորեն է նման արտահայտություններ անում։


Մյուս կողմից՝ հակամարտության մասին իմանալու սովորողների փորձառու-թյունը շատ բազմազան է։ Հրանուշը նկատում է, որ յուրաքանչյուր ուսուցիչ իր կարծիքն է ներկայացնում, սակայն ինքը նաև «ունեցել է ուսուցիչներ, որ ներկայացրել են երկու կողմերի շահերը և չեն եկել հստակ եզրահանգման, թե որն է ճիշտ, և հարցրել են սովորողներին, թե ինչ են իրենք մտածում դրա մասին և ինչպես կվարվեին»։ Նույն կերպ Քրիստինան ասում է, որ ամեն ինչ կախված է ուսուցչից։ Նա հիշում է՝ ինչպես էր իր մաթեմատիկայի ուսուցչի հետ քննարկում 2016 թվականի ապրիլյան պատերազմը, բայց չի հիշում, որ բազմատեսանկյուն մոտեցում ցուցաբերվեր պատմություն առարկայի դասընթացի ժամանակ։ Սակայն համալսարանում Միջին Արևելքի պատմության ուսումնասիրությունն օգնեց նրան հասկանալ, որ ինքնությունը տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում։ Սա էլ իր հերթին ստիպեց ավելի շատ մտածել տարբեր տեսակետների մասին և դիտարկել պատմությունն ուսումնասիրելու տարբեր մոտեցումներ։

Այս վերջին դիտարկումը կարծես ճշգրիտ ամփոփում է, թե ինչի մասին էր երկ-խոսությունը. չնայած ուսուցիչները և սովորողները տարբեր տեսակետներ ունեն տարբեր իրական հակամարտությունների մասին և նրանց կարծիքները, թե ինչպես պետք է դրանց մասին դասավանդել, նույնպես տարբերվում են, սակայն մեծամասնությունը կարծես համաձայն է, որ հակամարտության ուսումնասիրումն ու լուծումը պահանջում են բազմատեսանկյուն մոտեցում, սեփական դիրքորոշման գիտակցում և ակտիվ փոխհաղորդակցության ու փոխըմբռնման պատրաստակամություն։ Ու թեև կոնֆլիկտներն ու բանավեճերը մեր կյանքի և փոխհարաբերությունների բնական մասն են, սակայն նման ծանր թեմաներում և իրավիճակներում մեր ներգրավվածության աստիճանից է կախված, թե ինչպես են դրանք ի վերջո մարմնավորվում, քննարկվում և ուսումնասիրվում։


Տես նաև՝

 

Այս հոդվածը գրվել է ուսուցիչների և սովորողների միջև կայացած երկխոսության հիման վրա՝ «Միջսերնդային երկխոսություն» ծրագրի շրջանակներում, որ իրականացնում է «Պարադիգմա կրթական հիմադրամը»՝ համագործակցելով «Ֆրիդրիխ Նաումանի հիմադրամի» հետ։ Անձի ինքնության գաղտնիությունը պաշտպանելու նպատակով երկխոսության մասնակիցների իրական անունները փոփոխվել են։

13 views0 comments

Comments


bottom of page