top of page
Paradigma Reporter

Միջսերնդային երկխոսություններ. Հայաստանի սովետական անցյալը և հիշողությունը. մաս 3



Զարուհին, ով ուսուցիչ է Տավուշում, ափսոսանքով է հիշում, թե ինչպես իր դպրոցական տարիներին հայոց պատմությունը հետին պլան էր մղվում սովետական նշանավոր նարատիվների համեմատ։ Այդ ժամանակ հայոց պատմություն անցնում էին շաբաթական մեկ ժամ։ Այժմ ճիշտ հակառակն է. շաբաթական 1,5-2 դաս հատկացվում է հայոց պատմությանը և 1 դաս համաշխարհային պատմությանը։ Ավելին՝ սովորողները և ուսուցիչները հաճախ նշում են, որ սովետական շրջանը մակերեսային է դասավանդվում, հատկապես ավագ դպրոցում։


Հաշվի առնելով Հայաստանի ներկայիս աշխարհաքաղաքական վիճակը՝ ուսուցիչները կարծում են, որ անհրաժեշտ է վերաիմաստավորել երկրի սովետական անցյալը՝ ավելի համապարփակ ու վերլուծական մոտեցում ցուցաբերելով։ Չնայած երկխոսությանը մասնակցած բոլոր ուսուցիչները կարծես համակարծիք են, որ պետք է հրաժարվել ավանդական «սևուսպիտակ» ոսպնյակից, որի միջոցով դասավանդվում է սովետական շրջանը, սակայն նրանցից շատերը դեռևս ունեն սեփական կարծրատիպերն այդ ժամանակաշրջանի և դրա թողած հետևանքների մասին։


Ուսուցիչներից մեկի խոսքով՝ կարևորը իրականությունը ներկայացնելն է։ «Ամեն ինչ պետք է ներկայացնել այնպես, ինչպես եղել է», - ասում է Զարուհին։ Այս պնդումը, հավանաբար վկայում է այն մասին, որ Զարուհու մտապատկերում պատմական իրադարձությունները տեղի են ունեցել կոնկրետ կերպ, նույնիսկ եթե դա տարբերվում է նրանից, ինչ այժմ ներկայացվում է որպես ճշմարտություն, և Զարուհու պարտականությունն է որպես մանկավարժ այդ միակ օբյեկտիվ ճշմարտությունը փոխանցել երիտասարդ սերնդին։ Սակայն Զարուհու տեսակետը գրեթե տեղ չի թողնում պատմական մտածողության համար, այն մոտեցման, որը մանկավարժները կիրառում են աշխարհի տարբեր անկյուններում և որը ենթադրում է, թե պատմությունն անփոփոխ, միագիծ նարատիվ չէ, և խրախուսում է վերլուծել տարբեր սկզբնաղբյուրներ ու դի¬տարկել տարատեսակ մեկնաբանություններ։


«Երբ բացում եմ դպրոցական դասագրքերը, նույնիսկ չեմ ուզում կարդալ դրանք», - ասում է Անուշը։ «Անգամ եթե փորձեմ որևէ բան ներկայացնել Սովետական Միության մասին, չեմ կարողանա դա հետաքրքիր անել, քանի որ ինձնից ակնկալում են սովորողներին պատրաստել քննությունների՝ ուսումնական ուղեցույցների հիման վրա»։ Անուշի անհանգստությունը, որ դասագրքերը հետաքրքիր չեն, կիսում են նաև այլ ուսուցիչներ։ Երբ նրանք գանգատվում են, թե գրքերն անհաջող են գրված, նրանց հիմնական մտահոգությունը կարծես սովորողների ուշադրությունը գրավելն է մակերեսային տեղեկությունների միջոցով, այլ ոչ թե այնպիսի դասագիրք ունենալը, որը սովորողներին կմղեր առարկան ավելի լավ հասկանալու։ Սակայն, ըստ ամենայնի, պետք է ոչ թե կենտրոնանալ սովորողների ուշադրությունը գրավելու վրա, այլ տալ նրանց անհրաժեշտ գործիքներ՝ պատմական իրադարձությունների համատեքստը տեսնելու և վերլուծելու։


Տես նաև՝

 

Այս հոդվածը գրվել է ուսուցիչների և սովորողների միջև կայացած երկխոսության հիման վրա՝ «Միջսերնդային երկխոսություն» ծրագրի շրջանակներում, որ իրականացնում է «Պարադիգմա կրթական հիմադրամը»՝ համագործակցելով «Ֆրիդրիխ Նաումանի հիմադրամի» հետ։ Անձի ինքնության գաղտնիությունը պաշտպանելու նպատակով երկխոսության մասնակիցների իրական անունները փոփոխվել են։

14 views0 comments

Comments


bottom of page