top of page

Միջսերնդային երկխոսություններ. Հայաստանի սովետական անցյալը և հիշողությունը. մաս 2




Հայաստանի սովետական անցյալի ընկալումները տարբերվում են սերնդից սերունդ, անձից անձ։ Թեև մարդիկ հավանաբար կարոտում են երկրի սովետական անցյալի որոշ կողմեր, բայց, միևնույն ժամանակ, ուրախ են, որ բաժանվել այդ շրջանին բնորոշ այլ երևույթներից։ Ըստ երկխոսության մասնակիցների՝ դրանցից մեկը, որ միանշանակ պետք չէ վերականգնել, գյուղատնտեսական աշխատանքների համար աշակերտների ներգրավումն էր, որ կազմակերպում էին դպրոցների տնօրենները։ Այդ օրերին սովորողներին տանում էին ֆերմաներ՝ բեր-քահավաքին մասնակցելու։ Զարուհին, ով այժմ ուսուցչուհի է Տավուշում, սովետա-կան տարիներին եղել է պիոներ ու անձամբ ունեցել նման փորձառություն, որից շատ դժգոհ է։ Նա զարմանում էր, թե ինչու, լինելով աշակերտ, պետք է աշնանը ծանր աշխատանք կատարեր դաշտում։ Բայց հետաքրքիրն այն է, որ տասնամյակներ անց իրեն և ամուսնուն հարևանները խորհուրդ են տվել նույն կերպ վարվել սեփական աշակերտների հետ։ «Մենք հողատարածք ունենք։ Ամուսինս դպրոցի տնօրեն է։ Եվ հարևաններն ասում էին. «Ժամանակին մենք օգնում էինք [երբ աշակերտ էինք]. ինչո՞ւ հիմա դուք երեխաներին չեք տանում, որ ձեզ օգնեն»», - պատմում է Զարուհին։


Հաշվի առնելով Սովետական Միությունում գործող սոցիալիստական գաղափա-րախոսությունը՝ երիտասարդներին բերքահավաքում ներգրավելու երևույթը, ըստ ամենայնի, հետապնդել է կրթական նպատակներ՝ ապագայում նրանց ծանր աշխատանքի նախապատրաստելու համար։ Սակայն Զարուհու դժգոհությունը ենթադրում է, որ նա այդպիսի հարկադիր աշխատանքն ընկալել է որպես աշակերտի իրավունքների խախտում, ինչն էթիկական մտահոգություններ է առաջացնում վարչական իշխանության չարաշահման վերաբերյալ։ Հարևանների կողմից նման պրակտիկայի խրախուսման դրդապատճառները հավանաբար նույնպես գրեթե կապ չունեն կրթության հետ։ Մի կողմից՝ տարեցների համար դա միջոց է շարունակական դարձնելու այն փորձառությունը, որի միջով իրենք են ժամանակին անցել։ Մյուս կողմից՝ դա կարող է դիտարկվել որպես շահագործման մի տեսակ, երբ ավագները կրթության անվան տակ ձգտում են օգուտ քաղել երիտասարդների աշխատուժից։


Ի հակադրություն վերը ասվածին՝ երկխոսության մի քանի մասնակիցներ որպես սովետական կրթական համակարգի դրական կողմ նշում են ուսուցիչների նկատմամբ եղած հարգանքը։ Չմանրամասնելով, թե կոնկրետ ինչպիսի հետևանքներ էր ունենում այդ հարգանքը՝ ուսուցիչներից մեկն ասում է, որ նախկինում այն ավելի շատ էր։ Սակայն այս դեպքում էլ հարկ է ընդգծել, որ սովետական կրթական համակարգում գործում էր ուժային հարաբերությունների հստակ սահմանազատում, համաձայն որի՝ ուսուցիչներն ակնհայտ իշխանություն ունեին աշակերտների հանդեպ։ Ավելին՝ ուսուցիչների նկատմամբ եղած նմանատիպ հարկադիր հարգանքը, ըստ ամենայնի, բնորոշ էր ոչ թե հենց սովետական համակարգին, այլ ավելի շուտ կրթական համակարգի և հանրության լայն շրջանակների ներսում եղած հիերարխիկ կառուցվածքի արտացոլումն էր, որտեղ աշակերտները, որպես խոցելի խումբ, հաճախ ստորադասվում էին ավագներից։


«Մի անգամ տնօրեններից մեկը հարցրեց. «Ո՞վ պիտի հոգ տանի ուսուցիչների վարկանիշի մասին։ Առաջին հերթին հենց իրենք՝ ուսուցիչները. պիտի հետևեն՝ ինչ են հագնում, ինչ են տեղադրում համացանցում», - պատմում է Գագիկը։ Ըստ մեկ այլ ուսուցչի՝ իրենց գյուղի դպրոցի տնօրենն ուսուցչուհիներին արգելում էր որևէ տեսակի տաբատ կրել նույնիսկ տարվա ցուրտ եղանակին. միայն կիսաշրջազգեստներ և շրջազգեստներ, որոնք տղամարդ տնօրենի կարծիքով՝ «սովորողներին դրդում են հարգել ուսուցչուհուն և ավելի լուրջ վերաբերվել նրան»։ Միամտություն կլինի կարծել, թե ուսուցչի արտաքին տեսքն ազդում է նրա դասավանդման որակի վրա։ Տնօրենների հետաքրքրվածությունը, թե ինչպիսի հագուստ են կրում ուսուցիչները կամ ինչով են զբաղվում աշխատանքից դուրս կարող է վկայել այն մասին, որ շատերի մոտ ձևավորվել է այն մտայնությունը, թե լավ ուսուցիչ լինելու համար պետք է համապատասխանել տնօրենների բարոյական չափանիշներին, որոնք ենթադրում են նաև հագուստի սահմանափակումներ։ Բացի այդ՝ կա նաև գենդերային գործոնը։ Նահապետական հասարակության մեջ հաճախ գործում են բարոյականության երկակի ստանդարտներ տղամարդկանց և կանանց համար։


Տես նաև՝

 

Այս հոդվածը գրվել է ուսուցիչների և սովորողների միջև կայացած երկխոսության հիման վրա՝ «Միջսերնդային երկխոսություն» ծրագրի շրջանակներում, որ իրականացնում է «Պարադիգմա կրթական հիմադրամը»՝ համագործակցելով «Ֆրիդրիխ Նաումանի հիմադրամի» հետ։ Անձի ինքնության գաղտնիությունը պաշտպանելու նպատակով երկխոսության մասնակիցների իրական անունները փոփոխվել են։

105 views0 comments

Comments


bottom of page