Որոշակի բազմատեսանկյունության հասնելու համար ուսուցիչներից ոմանք սովորողներին խրախուսում են տեղականալ սեփական ընտանիքի անդամների պատմություններին։ Օրինակ՝ Անուշն իր աշակերտներին խնդրում է հարցազրույց վերցնել տատիկ-պապիկներից։ «Նրանք գնում են իրենց տատիկ-պապիկների մոտ և հարցեր տալիս Սովետական Միությունից, իսկ հետո սկսում են սկսում են պատկերացնել այն, որպեսզի հասկանան, թե ինչպիսին է եղել այդ ժամանակաշրջանը», - ասում է Անուշը։ Չնայած նրա փորձը՝ մարդկանց բանավոր պատմությունները ներառել Սովետական Հայաստանին նվիրված դասընթացում ունի որոշակի ներուժ սովորողների շրջանում բազմատեսանկյուն մոտեցում սերմանելու, սակայն, այնուամենայնիվ, դա կարող է ապարդյուն լինել, քանի որ Անուշը սեփական կարծրացած պատկերացումներն ունի Սովետական Հայաստանի մասին, որոնք կարող են հակադրվել նրա աշակերտների կատարած բացահայտումներին կամ նույն տատիկ-պապիկների փորձառությանը։ «Տարեցները հաճախ ասում են, որ այն ժամանակ ամեն ինչ ձրի էր, ամեն ինչ լավ էր», - նկատում է Անուշը՝ հավելելով, որ այդ նույն մարդիկ ունեն հարազատներ, որ զոհվել են պատերազմի ընթացքում, բայց քանի որ դա «հանուն հայրենիքի էր», ուրեմն ինչ-որ չափով արդարացված էր։ «Այսինքն՝ պրոպագանդան հսկայական ազդեցություն ուներ, ազատություն չկար… Ու որքան էլ տատիկ-պապիկս պնդեն, թե այն ժամանակ լավ էր, ես չեմ կարողանա դա ընդունել։ Ես անկախության սերնդից եմ ու չեմ ուզում, որ ինձ «սովետ» ասեն», - եզրափակում է Անուշը։ Նրա դիտարկումն ընդգծում է այն ժամանակվա պետական քարոզչամեքենայի թողած ազդեցությունը։
Ավագ սերնդի մանկավարժները Սովետական Հայաստանի մասին իրենց պատ-կերացումները կարծես ձևավորել են մասնագիտական պատրաստվածության և անձնական փորձի հիման վրա, իսկ ահա անկախության սերնդի ներկայացուցիչները, որպես կանոն, հիմնվում են ֆորմալ կրթության և ընտանեկան պատմությունների վրա։ Ցավոք, երկխոսության ձևաչափը մեզ թույլ չի տալիս պարզել՝ արդյոք ուսուցիչներն իրենց սեփական փորձառությունը կիրառո՞ւմ են դասավանդման ժամանակ, և եթե այո, ապա որքանո՞վ։ Սակայն օգտակար կլիներ տեսնել՝ նրանց անձնական վերաբերմունքն արտահայտվո՞ւմ է դասարանում և ինչպե՞ս է դա ազդում սովորողների վրա՝ թեմայի ընկալման տեսանկյունից։
«Կարևոր է սովորեցնել [աշակերտին] վերլուծել, տարատեսակ աղբյուրներ տրամադրել, որպեսզի երեխան կարողանա մտածել, վերլուծել ու հասկանալ։ Որովհետև ուսուցիչները հաճախ իրենց կարծիքն են պարտադրում, ու երեխայից երկար ժամանակ է պահանջվում սեփականը ձևավորելու համար», - նկատում է Արմանը։ Սովորողներին ոչ միայն ժամանակ է հարկավոր քննադատորեն մտածելու և հարցականի տակ դնելու այն ամենը, ինչ իրենց սովորեցնում են, այլև հաճախ նրանցից շատերը չեն գտնվում այնպիսի միջավայրում, որտեղ խրախուսվում է սեփական կարծիք ձևավորելը։ Արեգի փորձառությունը դրա վառ օրինակն է։ Երբ ընդունվեց համալսարան, նրա համար շատ տարօրինակ էր, երբ ինչ-որ բանի մասին հարցնում էին իր կարծիքը. սա օգնեց նրան ավելի լավ սովորել։ Առանց համակար¬գային աջակցության սովորողները հաճախ չգիտեն որտեղից սկսել։
Ուսուցիչները կարծես համաձայն են, որ պետք է ավելին անել սովորողների շրջանում քննադատական մտածողություն խթանելու համար, բայց նրանք նաև խոստովանում են, որ հենց իրենք չունեն անհրաժեշտ աջակցություն և աղբյուրներ։ Այսպես, Անուշի խոսքով՝ երբ ինքը սկսեց դասավանդել, մանկավարժական տես-անկյունից բազմաթիվ երևույթներ կային, որոնց չգիտեր՝ ինչպիսի մոտեցում ցուցա-բերել։ «21-րդ դարում ապրող երեխան պետք է ունենա հմտություններ, պետք է կարողանա լավ վերլուծել, բայց մենք պետք է նաև օգնենք ուսուցչին դրան պատրաստ լինելու», - ասում է Անուշը։ Նրա տեսակետը վկայում է մանկավարժական առումով կատարելագործվելու և դրան հասնելու առկա ռեսուրների կապի խզման մասին։
Բացի պատմական ուսուցման առկա թերությունները մատնանշելուց՝ ուսուցիչները և սովորողները հաճախ առաջարկում են նաև հնարավոր լուծումներ։ Թե՛ սովորողները և թե՛ ուսուցիչները կոչ են անում ստեղծել այնպիսի ուսումնական ծրագիր, որը դուրս կգա դասագրքերի և քննությունների շրջանակներից ու կնպաստի ավելի խոր ըմբռնելու անցյալը։ Շատերի կարծիքով՝ բաց քննարկումները կարող են խորացնել Սովետական Հայաստանի ըմբռնումը մարդկանց կողմից։ Հիմնվելով սեփական փորձի վրա՝ Գոհարը կարծում է, որ օգտակար կլիներ նաև ավելի լսելի դարձ¬նել նրանց ձայնը, ում ճնշել են սովետական տարիներին։ Նա հիշում է, որ Մարո Ալազանի հուշերի ընթերցումն օգնեց իրեն ավելին իմանալ այն մասին, թե աքսորավայրում կանանց ինչպես էին վերաբերվում։
Հայաստանի սովետական անցյալի վերաբերյալ տարբեր տեսակետներն ընդգծում են անհրաժեշտությունն ավելի բաց բանավեճերի ու քննարկումների առ այն, թե ինչպիսի հետևանքների է հանգեցրել այդ անցյալը, ինչպիսի տարատեսակ նարա-տիվներ կան դրա մասին և ինչպիսի տարատեսակ փորձառություն են մարդիկ ստացել այդ անցյալից ու դրանից հետո։ Ավելի բաց քննարկումները կհանգեցնեն նաև առավել համակարգային ու վերլուծական մոտեցման՝ հասկանալու սովետական պատմությունն ու պատմության ուսուցումը, մի մոտեցման, որը կխրախուսի քննադատական մտածողություն ու բազմատեսանկյունություն։
Տես նաև՝
Այս հոդվածը գրվել է ուսուցիչների և սովորողների միջև կայացած երկխոսության հիման վրա՝ «Միջսերնդային երկխոսություն» ծրագրի շրջանակներում, որ իրականացնում է «Պարադիգմա կրթական հիմադրամը»՝ համագործակցելով «Ֆրիդրիխ Նաումանի հիմադրամի» հետ։ Անձի ինքնության գաղտնիությունը պաշտպանելու նպատակով երկխոսության մասնակիցների իրական անունները փոփոխվել են։
Comments