top of page
Paradigma Reporter

Միջսերնդային երկխոսություններ. Մենք և հակամարտությունը. մաս 1



«Եթե ես կարծում եմ, որ մի բան իմն է կամ պիտի ինձ պատկանի, գուցե պատրաստ չլինեմ կոմպրոմիսի գնալ»։ Այս ասելով՝ նա ակնարկում է, որ նման դեպքում կոմպրոմիսի չգնալն արդարացված է։ Բայց այն հարցը, թե ինչ է նշանակում, որ «մի բան իրեն է պատկանում», մնում է բաց ու քննարկման ենթակա։ Երբ մենք խնդրեցինք մասնամասնել, Լիան նկատեց, որ դա սուբյեկտիվ երևույթ չէ. «Եթե ինչ-որ բան իսկապես ինձ է պատկանում, ինչո՞ւ պիտի ուրիշին թույլ տամ՝ փորձի ստանալ դա»։ Որպես օրինակ նա բերում է Հայաստանին միանալու Արցախի բնակչության արդար պահանջը։ Երբ մեկ այլ մասնակից հարցրեց՝ «իսկ ի՞նչ կասեք նրանց [ադրբեջանցիների] տարածքային ամբողջականության արդար պահանջի մասին», Լիան պատասխանեց, որ այդ հողը պատմականորեն մեզ է պատկանել և մենք դրա մասին պիտի խոսենք «մեր տեսանկյունից», այսինքն՝ մեր շահերից ելնելով։ Սա հանգեցնում է մի շարք ուշագրավ հարցերի. ինչի՞ց է կախված արդարությունը։ Ինչպե՞ս է արտահայտվում պատմական արդարության գաղափարը աշխարհաքաղաքական հակամարտությունների դեպքում և ինչպե՞ս է այն հակադրվում արդարության մասին եղած այլ գաղափարներին։ Վերջապես, եթե պահանջը «արդար է», ինչո՞ւ պետք է դրա մասին խոսենք «մեր տեսանկյունից». չէ՞ որ պահանջն արդար է՝ անկախ նրանից, թե ով է այն արտահայտում։


Այսպիսի հարցեր բարձրաձայնելը պիտի լինի հանրային դիսկուրսի կարևոր մասը, քանի որ հայտարարել, թե հակամարտությունները ծագում են արդար պահանջից, նշանակում է, թե դրա միակ լուծումն այդ պահանջը բավարարելն է։ Սակայն ուսուցիչներից մեկը՝ Սուսաննան նշում է, որ մշտապես պետք է մտածել կոմպրոմիսի մասին. «Եթե ինձ համար կարևոր է հակամարտությունը լուծել, իրավիճակը կարող է ինձնից պահանջել մի քայլ նահանջել, և գուցե ես պիտի մտածեմ դրա մասին ու փորձեմ պատշաճ նահանջ կատարել»։ Մյուս կողմից՝ Լիան նշում է, որ «երկու կողմերի պահանջներն էլ արդար են, բայց եթե մենք դրանց պատճառները դիտարկենք առավել մանրամասն, ապա կպարզենք, թե իրականում որ կողմն է արդար»։ Այստեղ երկու հարց է առաջանում. ինչպե՞ս կարող են երկու կողմերն էլ արդար լինել, քանի որ արդարությունը, ըստ էության, չի կարող միաժամանակ հարել երկու կողմերի հակադիր տեսակետներին, և ի՞նչ տարբերություն կա ընդհանուր արդարության ու իրական արդարության միջև։ Կարելի է ենթադրել, որ ուսուցչուհին իրական արդարություն ասելով՝ նկատի ունի պատմական արդարությունը, իսկ ընդհանուր արդարություն ասելով՝ նկատի ունի կողմերի տվյալ պահի դիրքորոշումները կամ արժեքները, բայց մենք չենք կարող վստահ պնդել սա։


Մյուս կողմից՝ ուսուցչուհի Սուսաննան կարծում է, թե որոշ հակամարտություններ արհեստական են. «Պատմության ընթացքում բազմաթիվ այդպիսի հակամարտութ-յուններ են եղել։ Պետք է նշեմ նաև, որ նույնը կարող է տեղի ունենալ անհատական մակարդակում. նոր էմոցիաների կարիք ունենալով՝ դու հրահրում ես կոնֆլիկտ, բայց հաշվի չես առնում, թե դրանից ով և ինչքան վնաս կկրի»։ Այս հայ-տարարությունը նույնպես մի շարք հարցեր է առաջացնում. ո՞վ է ստեղծում հակա-մարտություններ և ո՞ր հակամարտություններն են արհեստական։ Ինչպե՞ս են որոշվում արդարությունը և արհեստականությունը ու արդյոք դրանք ունեն հստակ չափորոշիչներ։ Ինչպե՞ս են հակամարտության արդարության և արհեստականության մասին ուսուցիչների համոզմունքներն ազդում նրանց դասավանդման վրա։ Եվ վերջապես, ինչպիսի՞ նմանություններ ու տարբերություններ կան աշխարհաքաղաքական հակամարտությունների և անհատական մակարդակում ծագող կոնֆլիկտների միջև։ Այս վերջին հարցն հատկապես հետաքրքիր է, քանի որ երկխոսության ընթացքում մեջբերվեցին մի շարք համանմանություններ, բայց տարբեր համատեքստում և տարբեր կերպ, և հասկանալի չէ՝ ինչպես են այդ համանմանություններն ազդում այն բանի վրա, թե ինչպես ենք մենք մտածում առավել գլոբար խնդիրների մասին՝ ի հակադրություն անհատական խնդիրների։ Այսպիսի հարցեր բարձրաձայնելը ու դրանց հստակ հասցեագրումը ոչ միայն կարևոր է ընդհանրապես, այլև էական հետևանքներ ունի պատմության ուսուցման համար մասնավորապես։ Սակայն անհրաժեշտ է հավելյալ ուսում¬նասիրության՝ հասկանալու՝ արդյոք այս հարցերը բարձրաձայնվում են դասասենյակներում՝ պատմություն առարկայի դասավանդ-ման ժամանակ և արդյոք սովորողները հնարավորությունն ունեն ինքնուրույն պատասխաններ ձևավորելու։


Տես նաև՝

 

Այս հոդվածը գրվել է ուսուցիչների և սովորողների միջև կայացած երկխոսության հիման վրա՝ «Միջսերնդային երկխոսություն» ծրագրի շրջանակներում, որ իրականացնում է «Պարադիգմա կրթական հիմադրամը»՝ համագործակցելով «Ֆրիդրիխ Նաումանի հիմադրամի» հետ։ Անձի ինքնության գաղտնիությունը պաշտպանելու նպատակով երկխոսության մասնակիցների իրական անունները փոփոխվել են։

19 views0 comments

Comments


bottom of page