Այն բազմազանությունը, որով ուսուցիչներն ընկալում են հակամարտությունը, հանգեցնում է մի շարք հարցերի։ Օրինակ՝ ինչպե՞ս է դա արտահայտվում դասասենյակում թե՛անձնական մակարդակում, և թե՛ աշխարհաքաղաքական/պատմական հակամարտություններ ուսումնասիրելու տեսանկյունից։ ՀԱՀ-ի ուսանող Քրիստինան ասում է. «Ես կգերադասեի, որ ինձ՝ որպես ուսանողի բացատրեին տարբեր կողմերի շահերը։ Դպրոցում սովորելու տարիներին մենք հակամարտություններին նայում էինք «սևուսպիտակ», «լավ ու վատ» հայեցակարգերով, և դա ինձ խանգարում էր, երբ դպրոցից դուրս էի պատմություն ուսումնասիրում։ Հիմա ես գիտեմ, որ բազմաթիվ նրբերանգներ կան, ինչն ինձ օգնում է ավելի լավ հասկանալու հակամարտությունները. դա շատ կարևոր է»։
Ու թեև այս նկատառումը կարծես վկայում է պատմության հանդեպ ավելի բազմատեսանկյուն և քննադատական մոտեցման մասին, սակայն երկխոսության ուսուցիչներից մեկը դա մեկնաբանեց դասասենյակում ուսուցիչների թողած աֆեկտիվ ազդեցության դիրքերից. «Այդպես է պատահում, երբ պատմություն դասավանդելիս մենք չենք գիտակցում, որ կարող ենք ասել մի բան, ինչը կխանգարի սովորողին սեփական եզրահանգման գալու։ Շատ հաճախ մենք նրանց իրական պատկեր ենք տալիս և չենք թողնում ինքնուրույն մտածել դրա մասին. մենք պետք է չեզոք լինենք»։ Չեզոքության գաղափարը կարծես թե համահունչ է նաև մյուս մասնակիցների կարծիքին։ Ուսուցիչներից մեկը նկատում է. «Երբեմն մենք որևէ բան ներկայացնում ենք որպես փաստ և թույլ չենք տալիս սովորողին դրա մասին ինքնուրույն մտածել, և այդպես սահմանափակելով նրանց քննադատական մտածողությունը՝ մենք փաստացի ուղղորդում ենք նրանց, թե ինչպես մտածեն, ինչը սխալ է։ Որպես ուսուցիչներ՝ մենք պիտի լինենք չեզոք և սովորողներին ինքնուրույն մտածելու հնարավորություն տանք»։ Նույն կերպ, հակամարտությունների մասին խոսելիս, Լիան նշում է սովորողների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելու կարևորությունը. «Դեռահասներն այնքան էմոցիոնալ են. ցանկացած սխալ ասված բառ կարող է լուրջ խնդիրներ առաջացնել»։ Որպես օրինակ՝ նա մատնանշում է «թշնամի» բառը, որը, ըստ Լիայի, չի կարելի կիրառել փոքր տարիքի երեխաներին դասավանդելու ժամանակ, քանի որ նրանց համար դժվար է այդ բառը հասկանալ։
Հետաքրքիր է, որ բոլոր այս արձագանքները ինչ-որ չափով կարելի է դիտարկել որպես «լավ ու վատ» հայեցակարգի մաս, ինչի մասին խոսում էր Քրիստինան. եթե կա իրական պատկեր, ապա ի՞նչ իմաստ ունի պայմաններ ստեղծել, որպեսզի սովորողները գան սեփական եզրահանգումների։ Ըստ այդ ուսուցչի՝ ենթադրվում է, որ սովորողների համար օգտակար է այդ գործընթացն ինքնուրույն անցնել, անգամ եթե վերջնակետը նույնն է։ Ճիշտ այդպես էլ մյուս ուսուցիչը ենթադրում է, որ ուսուցիչները պետք է չեզոք լինեն, այլ ոչ թե «ուղղորդեն» սովորողների մտածողությունը։ Իսկ երրորդ ուսուցիչը նախընտրում է շրջանցնել որոշ հարցեր/կարծիքներ/բառեր՝ կարծելով, որ երեխաների տարիքը սահմանափակում է այն, ինչի մասին կարելի է խոսել։ Իրականում, չնայած ուսուցիչները չպիտի իրենց կարծիքը պարտադրեն սովորողներին, մանկավարժական շատ մոտեցումներ ենթադրում են, որ վավերական կարծիքը, ծանր թեմաների շուրջ բաց քննարկումները ու երեխաների համար սեփական մտածողությունը զարգացնելու և ինքնուրույն եզրահանգումների գալու իրական հնարավորություններ ստեղծելը շատ ավելի գերադասելի են, քան ոչ վավերական չեզոքությունը։
Ի վերջո, «սևուսպիտակ» հայեցակարգից դուրս գալը ոչ միայն նշանակում է սովորողներին նախապես սահմանված ձևերով մտածելու հնարավորություն տալ, այլև ենթադրում է տարատեսակ հնարավոր նարատիվների առկայություն և սովորողների համար հնարավորություն ինքնուրույն եզրահանգումներ կառուցելու՝ հիմնվելով պատմական մտածողության վրա։ Եվ այդ դեպքում ուսուցչի դերն այն է, որ սովորողներին օգնի զարգացնել սեփական պատմական մտածողություն, աշխատել ապացույցների հետ ու կառուցել պատմական նարատիվներ՝ նույնիսկ և հատկապես այն դեպքերում, երբ դա դժվար է էմոցիոնալ առումով։ Օրինակ՝ Մարթան, ով ուսուցիչ է Վայոց ձորում, պատմում է այդպես վարվելու իր փորձերի մասին։ Նա նկատում է, որ համաձայն է այդ գաղափարների հետ և բազմատեսանկյուն մոտեցում է ցուցաբերում դասարանում՝ տարբեր հակամարտությունների, օրինակ՝ վրաց-աբխազականի մասին խոսելիս։ Սակայն նա անկեղծորեն խոստովանում է, որ չի կարողանում «չեզոքություն պահպանել», երբ դասավանդում է ղարաբաղյան հակամարտության մասին, որովհետև «դա մերն է, և դրանում ցավ կա»։ Միևնույն ժամանակ Մարթան նշում է, որ ղարաբաղյան հակամարտության մասին խոսելիս ներկայացնում է փաստեր, որոնք չեն բխում մեր շահերից, քանի որ որպես ուսուցիչ պարտավոր է այդպես վարվել ու երեխաներին թույլ տալ ինքնուրույն եզրահանգումների գալ։
Տես նաև՝
Այս հոդվածը գրվել է ուսուցիչների և սովորողների միջև կայացած երկխոսության հիման վրա՝ «Միջսերնդային երկխոսություն» ծրագրի շրջանակներում, որ իրականացնում է «Պարադիգմա կրթական հիմադրամը»՝ համագործակցելով «Ֆրիդրիխ Նաումանի հիմադրամի» հետ։ Անձի ինքնության գաղտնիությունը պաշտպանելու նպատակով երկխոսության մասնակիցների իրական անունները փոփոխվել են։
Comments