top of page

Միջսերնդային երկխոսություններ. Մենք և ազատականությունը. մաս 2




Ուսուցիչների շրջանում ազատական արժեքները հաճախ հակադրության մեջ են դրվում ազգային արժեքներին, ասես դրանք անհամատեղելի են։ «Ես ընդունում եմ ազատականությունն այնքանով, որքանով այն համապատասխանում է ազգային արժեքներին՝ ավանդական ընտանիք, նորմալ ամուսնություն», - ասում է Մենուան՝ հավելելով, որ դեմ չէ գենդերային տարբեր ինքնություններին, քանի դեռ պահպանվում են հայկական արժեքները։ Նրա խոսքով՝ ազատականությունը ստվերում է հայկական արժեքները։ Ավելին՝ նա համոզված է, որ ազատական արժեքների պրոպագանդան Արևմուտքի ռազմավարական հնարքն է։ Անդրադառնալով ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորներին՝ Մենուան ասում է, որ «նրանք ունեն հստակ օրակարգ և, ցավոք, հիմնականում հաջողության են հասնում, քանի որ հասարակության մեծ մասը տեղյակ չէ ու պատրաստ չէ»։ Այս տեսակետը կարծես ենթադրում է, որ կան հստակ նորմեր, որոնց պետք է հետևեն հայերը՝ ազատականության բացասական հետևանքներից խուսափելու համար։ Հարկ է նշել, որ երկխոսության մասնակիցներից ոմանք ազատականությունը հետևողականորեն փոխկապակցում էին Արևմուտքի ու գլոբալիզացիայի հետ։


Ի տարբերություն իր գործընկերներից շատերի՝ Աննան, ով ուսուցիչ է Գավառում, կարծում է, թե ազատականությունն ու ազգային ինքնությունը ոչ միայն չեն բացառում միմյանց, այլ հիմք են մեկը մյուսի համար։ «Երբ ճանաչենք մեզ՝ մեր ծեսերն ու ավանդույթները, գուցե ավելի պատրաստ կլինենք ընդունել ազատական արժեքները, կկարողանանք ավելի չափավոր լինել», - ասում է նա։ Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ շեշտվում է «չափավոր» ազատական արժեքների նախապատվությունը՝ առանց հստակ սահմանելու, թե ինչ են դրանք և ինչպես են դրսևորվում։ Ուսուցիչների արտահայտած կարծիքները թույլ են տալիս ենթադրել, որ նրանք իրենց մտքում ունեն որոշակի կարծրատիպեր այն մասին, թե ինչ են հայկական արժեքները կամ ինքնությունը, անկախ նրանից՝ դրանք համատեղելի են ազատականության հետ, թե ոչ։


Երբ խոսվում է դեմոկրատական հասարակություն ձևավորելու գործում ունեցած դերի մասին, ուսուցիչները տարբեր կարծիքներ են հայտնում։ Նախ՝ նրանցից շատերը հավատացած են, որ ՀԿ-ները չպետք է ակտիվ մասնակցություն ունենան հասարակության ձևավորման մեջ (որպես կանոն՝ ՀԿ-ները համարվում են լիբերալ-դեմոկրատական արժեքների պահպանման և առաջխաղացման անբաժանելի մաս)։ Մենուան, ով հաճախ հակասական տեսակետներ է հայտնում liberal դեմոկրատիայի մասին, կարծում է, որ ՀԿ-ները չափից դուրս ներգրավված են, և «դա պիտի անեն ուսուցիչները»։ Ի հակադրություն՝ Անահիտը, ով ուսուցիչ է Արագածոտնի մարզում և դեմոկրատիան ասոցացնում է հավասարության ու հանդուրժողականության հետ, կարծում է, որ ՀԿ-ները կարող են օգնել դեմոկրատական գաղափարների տարածման հարցում։ Նրա խոսքով՝ միայն դպրոցը բավարար չէ. սովորողները պիտի լինեն լիբերալ միջավայրում՝ այդպիսին դառնալու համար։ Սակայն այս երկու տեսակետների միջև եղած անհամապատասխանությունն առնչվում է ոչ միայն ուսուցչի դերին, այլև քաղաքացիական կրթությանն ընդհանրապես. ի՞նչ պետք է ուսանել սովորողներին։ Ինչի՞ մասին նրանք պիտի հնարավորություն ունենան իմանալու և հետազոտելու։ Հայտարարել, թե տարբեր գաղափարախոսությունների մասին դասավանդելու իրավունք և պատասխանատվություն ունեն միայն ուսուցիչներ, կնշանակի սահմանափակել սովորողների ազատությունը։


ՀԱՀ-ի ուսանող Հրագն ասում է, որ կրթության միջոցով ազատականության անմիջական ազդեցությունը նկատում է իր առօրյա կյանքում, քանի որ ինքն ազատ է ընտրելու ուսուցման ցանկացած ոլորտ։ Ուսուցչուհի Արմինեն կողմնակից է սովորողներին առարկաների միջև ընտրություն կատարելու իրավունք տալուն և կարծում է, թե դա կհեշտացնի ուսումնական գործընթացը։ Նա հարց է բարձրացնում՝ «չէ՞ որ երեխաները ընտրություն կատարելու իրավունք պիտի ունենան», և ընդգծում է նման մոտեցման պրակտիկ նշանակությունը։ «Տղաներ կան, որ միշտ խուսափում են մաթեմատիկայի դասերից։ Ես կարծում եմ, որ նրանք պիտի ընտրության ազատություն ունենան. ինչո՞ւ պիտի ուսուցիչը 12-րդ դասարանցի երեխային ստիպողաբար դասասենյակ բերի», - նկատում է Արմինեն։


Ընդհանուր տպավորությունն այն է, որ երկխոսության մասնակիցները ազատականությունն ու դեմոկրատիան ընկալում են որոշակի սահմանափակումներով՝ այդ հասկացություններն առաջին հերթին կապելով այնպիսի անհատական ազատությունների հետ, ինչպիսին են քվեարկելու իրավունքը կամ անհատական ընտրություն կատարելը։ Եվ նրանք մեծ մասամբ խուսափում են խոսել այնպիսի հիմնարար կողմերի մասին, ինչպիսին են կառավարության դերն ու կառուցվածքը, տնտեսությունը կամ արտաքին հարաբերությունները։ Զրույցների ընթացքում լիբերալիզմների միջև միակ տարբերակումը կատարվում էր «չափավորն ընդդեմ ծայրահեղի» ոսպնյակի միջոցով։


Տես նաև՝


 

Այս հոդվածը գրվել է ուսուցիչների և սովորողների միջև կայացած երկխոսության հիման վրա՝ «Միջսերնդային երկխոսություն» ծրագրի շրջանակներում, որ իրականացնում է «Պարադիգմա կրթական հիմադրամը»՝ համագործակցելով «Ֆրիդրիխ Նաումանի հիմադրամի» հետ։ Անձի ինքնության գաղտնիությունը պաշտպանելու նպատակով երկխոսության մասնակիցների իրական անունները փոփոխվել են։

22 views0 comments
bottom of page