top of page

Միջսերնդային երկխոսություններ. Ինչո՞ւ սովորել պատմություն. մաս 1



«Երբ աշակերտներիս ներկայանալիս ասում եմ, որ իրենց պատմություն եմ դասավանդելու, առաջին բանը, որ պատկերացնում են, տարեթվեր հիշելն է։ Բայց ես անմիջապես կոտրում եմ այդ կարծրատիպը, որովհետև պատմությունը ենթադրում է քննադատական մտածողություն և վերլուծելու ունակություն», - ասում է Սոսեն, ով ուսուցիչ է Երևանում։ Նա այն դասավանդողներից է, ովքեր սովորողներին խրախուսում են վերլուծել ու համատեքստային դարձնել պատմական իրադարձությունները՝ անցյալի սխալները չկրկնելու համար։ Սուսաննան, ով ուսուցիչ է Կոտայքի մարզում, մեջբերելով չինական մի ասացվածք՝ «մի՛ մոռացիր անցյալդ. նա ապագայի ուսուցիչն է», կարծում է, որ պատմություն իմանալն անչափ կարևոր է ապագայի մարտահրավերներին առերեսվելու համար։ Ըստ նրա՝ պատմության ուսուցման հիմնական նպատակն ինքնաճանաչումն է։ Եվ չնայած վերը նշված երկու մոտեցումները շատ նման են թվում, ինքնաճանաչման մասին Սուսաննայի գաղափարները ծագում են այն ենթադրությունից, թե կա հստակ ինքնություն, որը պետք է բացահայտել, և հակադրվում են այն կարծիքին, թե այդ ինքնությունը պետք է կառուցել՝ հիմնվելով պատմական աղբյուրների հետ աշխատանքի վրա։


Երկխոսությանը մասնակցող երիտասարդ սերնդի կարծիքով պատմության ուսուցումը պետք է իրականացվի բազմատեսանկյուն հայեցակարգի միջոցով։ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սովորող Տիգրանը նշում է, որ շատ ավելի կարևոր է գիտելիք կառուցել՝ տարբեր աղբյուրներից օգտվելով, քան պարզապես օգտվել մի աղբյուրից՝ իմանալու, թե ինչ է տեղի ունենցել։ Իսկ ՀԱՀ-ի ուսանող Տաթևը հավելում է, որ տարբեր աղբյուրների հետ աշխատելիս կարևոր է, որ ուսանողը կարողանա հայտնաբերել պատճառահետևանքային կապերը։ Երկու սովորողներն էլ չեն կարծում, թե պատմության ուսումնասի¬րումը պիտի ինքնա-նպատակ լինի։ Տաթևը նշում է, որ «նպատակը պիտի լինի օգնել ուսանողներին գիտակցել, որ ներկայում իրենք կարող են անել բաներ, որոնց համար ապագայում հպարտանալու, այլ ոչ թե ափսոսալու առիթ կունենան»։ Նույն կերպ Տիգրանն էլ ասում է, թե «պատմություն իմացող մարդուն շատ ավելի դժվար է մոլորեցնել»։ Երկու ուսանողներն էլ կարծում են, որ պատմության ուսուցումը ներուժ ունի ստեղծելու զարգացած ու ճկուն հասարակություն։


Չնայած շատերը, նկատի ունենալով վերը նշված նպատակները, պատմության ուսուցումը համարում են կարևոր, սակայն հաշվի առնելով, թե ներկայում ինչպես է այս առարկան դասավանդվում՝ այն արժանանում է երկակի վերաբերմունքի՝ ինչպես այլ առարկաների ներկայացուցիչների, այնպես էլ հանրության լայն շրջանակների կողմից։ Ինչպես նշում է Վայքում աշխատող Մարիամը՝ բնագիտական և այլ առարկաների ուսուցիչները ոչ միայն Հայաստանում, այլև, օրինակ, Լոնդոնում (Մարիամը բրիտանական մասնագետների հետ թրեյնինգների է մասնակցել) հաճախ կարծում են, թե պատմությունը «մի առարկա է, որ ուսանողները կարող են սովորել առանց ավելորդ ջանք գործադրելու»։ Այս պատճառով էլ Մարիամը կարծում է, որ «մենք պատասխանատվություն ենք կրում մեր առարկայի հետաքրքրության համար»։ Այսպիսի մոտեցումը հաճախ հանգեցնում է նրան, որ առարկան հետաքրքիր դարձնելու նպատակով ուսուցիչները սկսում են կիրառել տարատեսակ ռազմավարություններ, որոնք միշտ չէ, որ համապատասխանում են ակտիվ պատմական մտածողությանը։


Տես նաև՝

 

Այս հոդվածը գրվել է ուսուցիչների և սովորողների միջև կայացած երկխոսության հիման վրա՝ «Միջսերնդային երկխոսություն» ծրագրի շրջանակներում, որ իրականացնում է «Պարադիգմա կրթական հիմադրամը»՝ համագործակցելով «Ֆրիդրիխ Նաումանի հիմադրամի» հետ։ Անձի ինքնության գաղտնիությունը պաշտպանելու նպատակով երկխոսության մասնակիցների իրական անունները փոփոխվել են։

73 views0 comments

Коментарі


bottom of page