top of page

Միջսերնդային երկխոսություններ. Ինչո՞ւ սովորել պատմություն. մաս 3



«Պատմությունն ինքնին կողմնակալ է։ Այն աղբյուրները, որոնց օգնությամբ մենք ուսումնասիրում ենք պատմությունը, արդեն իսկ պարունակում են կողմնակալ մոտեցում և թույլ չեն տալիս մեզ տեքստը ճիշտ ընկալել, հասկանալ, թե որտեղ ենք սայթաքել, որտեղ ենք սխալվել։ Կարդում ես ու պարբերություն պարբերության հետևից միայն ինքնագովասանք ես տեսնում։ Չկա անդրադարձ սխալներին ու դրանց հետևանքներին»,-բացատրում է Սոսեն՝ հավելելով, որ այդպիսի մոտեցումը՝ ամեն բան սևուսպիտակ գույներով, հերոսի կամ դավաճանի պիտակներով պատկերող պատմական աղբյուրների ընթերցումը կարող է շփոթության մեջ գցել սովորողին։ «Սովորողը կարդում է այդ ամենը և հավատացած է, որ մենք հրաշալի ազգ ենք, իսկ հետո չի հասկանում, թե ինչու հիմա ունենք այն, ինչ ունենք»։ Եվ չնայած պատմական աղբյուրների կողմնակալության մասին պնդումն արդարացի է, դրանց բոլորի համահարթեցումը շատ խնդրահարույց է։ Ավելին՝ որոշ ուսուցիչներ կարող են չունենալ բավարար հմտություններ կամ միջոցներ՝ ձևավորելու սեփական կարծիք, թե ինչպես կարելի է սովորողներին ներկայացնել պատմական աղբյուրները՝ առանց նրանց շփոթության մեջ գցելու։ Այո՛, եթե սովորողները նման աղբյուրներին քննադատաբար չմոտենան և դրանք ընդունեն որպես բացարձակ ճշմարտություն, ապա նրանց մոտ կարող է ձևավորվել մի աշխարհայացք, որ իրականության հետ ոչ մի կապ չունի կամ որը հաստատում է աղբյուրի ճշմարտացիությունը ներկա իրականությունում։ Բայց չէ՞ որ ուսուցիչների դերը հենց ենթադրում է օգնել սովորողներին ճիշտ աշխատել նման աղբյուրների հետ։


Այս հարցին առնչվող տիպիկ օրինակ է պատմական գործիչների ներկայացումը։ Ուսուցիչները պնդում են, որ հաճախ որոշ պատմական գործիչներ ներկայացված են որպես զուտ բարի կամ չար։ «Օրինակ՝ շատերի մոտ այդպիսի կարծիք է ձևավորվել Պապ թագավորի և նրա մոր՝ Փառանձեմի մասին։ Բայց եթե կարդաս սկզբնաղբյուրը, փորձես վերլուծել, թե ինչու է հեղինակը ցանկա¬ցել նրանց բացասական երագներով ներկայացնել, ապա կհասկանաս, որ տվյալ տեքստը պետք չէ միանշանակ ընդունել։ Ամեն ինչ չէ, որ սևուսպիտակ է», - ասում է Սոսեն՝ հավելելով, որ «պատմությունը մարդն է գրում՝ կատարելով ինչ-որ մեկի պատվերը»։ Եթե այդպես է, ուրեմն ինչպե՞ս են ուսուցիչներն առաջարկում լուծել այս խնդիրը պատմություն դասավանդելիս։


Ուսանող Տաթևը և ուսուցչուհի Սուսաննան համաձայն են, որ պատմությունը պետք է նկարագրի թե՛ լավը և թե՛ վատը, թե՛ հաջողությունները և թե՛ ձախողումները՝ չտրվելով, սակայն, զոհի հոգեբանությանը։ «Սովորողները չպետք է կարծեն, թե հայրենասիրությունը միայն ու միայն նշանակում է ինքնազոհաբերություն, թե պետք է գնալ ու մեռնել, և վերջ։ Ստեղծարարությունը, օրինակ, նույնպես պայքարի տեսակ է», - ասում է Սուսաննան՝ նշելով, որ իր կարծիքով հայրենասիրությունը նաև այն է, թե ինչպես է սովորողը վերաբերվում իր ընտանիքի անդամներին, հարևաններին, ուսուցիչներին։


Տես նաև՝


 

Այս հոդվածը գրվել է ուսուցիչների և սովորողների միջև կայացած երկխոսության հիման վրա՝ «Միջսերնդային երկխոսություն» ծրագրի շրջանակներում, որ իրականացնում է «Պարադիգմա կրթական հիմադրամը»՝ համագործակցելով «Ֆրիդրիխ Նաումանի հիմադրամի» հետ։ Անձի ինքնության գաղտնիությունը պաշտպանելու նպատակով երկխոսության մասնակիցների իրական անունները փոփոխվել են։

52 views0 comments

Comentarios


bottom of page