Ուսուցչուհի Սուսաննան կարծում է, որ երիտասարդներին գրավելու ուղիներից մեկը նրանց ժամանակի միջով «անցկացնելն է»։ «Օրինակ՝ երբ խոսում ենք քրիստոնեության ընդունումից կամ հայոց գրերի ստեղծումից, ես հաճախ հարցնում եմ. «Եթե հնարավորություն ունենայիք հանդիպելու Մաշտոցին, ի՞նչ կնվիրեիք նրան»։ Ուսանողները պատասխանում են. «Այֆոն։ Համակարգիչ»։ Ես բացատրում եմ, որ այդ ժամանակ նման իրեր գոյություն չունեին, և ուսանողները սկսում են պարզել՝ ինչ իրեր կային, ու իրականում ինչ կարող էին նվիրել»։ Չնայած թվում է, թե այս վարժությունը զարգացնում է պատմական գիտակցությունը և օգնում է խուսափել անախրոնիզմներից, սակայն ի՞նչ է այն իրապես տալիս։ Կրթական ինչպիսի՞ նպատակ է հետապնդում այն հարցը, թե պատմական գործչին ինչ կնվիրեր երեխան։ Արդյոք օգնո՞ւմ է կարծիք կազմել տվյալ գործչի բարոյական կերպարի վերաբերյալ։ Կամ ավելի լավ պատկերացում ունենալ ուսումնասիրվող ժամանակի՞ մասին։ Խրախուսո՞ւմ է, որ երեխան զարգացնի պատմական ալտերնատիվ մոտեցումներ։ Թերևս, բացի զուտ հետաքրքրաշարժ լինելուց, այս վարժությունը չի ծառայում որևէ կոնկրետ կրթական նպատակի։
Ըստ ուսուցիչների՝ պետք է ավելի հետաքրքիր դարձնել նաև դասագրքերը։ «Ուսանողները պետք է հետաքրքրված լինեն աշխատել դասագրքերի հետ։ Վերջերս հայագիտական առարկաները մղվել են երկրորդ պլան, և այսօր մեզ անհրաժեշտ են դասագրքեր, որ սեր կառաջացնեն [առարկայի նկատմամբ]», - ասում է Սուսաննան՝ հավելելով, որ միայն տեքստ կարդալը հետաքրքիր չէ։ Նրա խոսքով՝ պատմություն առարկան զուտ ընթերցողական վարժանքից պետք է վերածել գրավիչ փորձառության։ «Օրինակ՝ վերջերս առաջարկել եմ Վարդանանց պատերազմի մասին պատմող հատվածից հետո դասագրքում ավելացնել համապատասխան անիմացիա։ QR կոդերի օգնությամբ երեխաները կարող են տեսնել՝ ինչ ու ինչպես է տեղի ունեցել, որպեսզի հասկանան ու վերլուծեն դա», - ասում է Սուսաննան։
Երիտասարդ սերունդը դասագրքերի մասին նույն կարծիքն ունի։ «Ամենամեծ խնդիրն այն է, որ դասագրքերը գրվում են ոչ թե պատմություն սովորեցնելու, այլ դրանց հիման վրա թեստեր կազմելու, իսկ հետո քննություններ հանձնելու համար», - ասում է Տիգրանը։ Նրա կարծիքով՝ Հայաստանում պատմության դասագրքերը չափազանց ձանձրալի են, ինչը հանգեցնում է ոլորտի հանդեպ ուսանողների նվազ հետա¬քրքրությանը։ «Տեքստում հույզեր չկան։ Քարտեզներ չկան։ Օրինակ՝ 10-րդ դասարանի դասագրքում գրված է. «Հայ-վրացական զորքերն ազատագրեցին Ամբերդը, այնուհետև՝ Անին…», և այլն։ Բայց ներկայացված չէ որևէ քարտեզ, որ կարողանաս պատկերացնել այդ ամենը», - մանրամասնում է Տիգրանը։
Այնուամենայնիվ, ինչպես և նախորդ դեպքում, չնայած դասագրքերում անիմացիոն տարրեր ավելացնելը կամ քարտեզների պես ավելի շատ վիզուալ պատկերներ ունենալը կարող է նպաստել դրանց հետաքրքրաշարժության ժամանակավոր աճին, սակայն մտածողության ինչպիսի՞ եղանակներ են նմանատիպ երևույթները խթանում։ Արդյոք օգնո՞ւմ են երեխաներին ավելի խոր մտածելու տվայլ թեմայի շուրջ։ Օգնում են մտածելու պատճառների, հետևանքների, փոփոխությունների կամ շարունակականության մասին։ Եթե այո, ապա ինչպիսի՞ ուսուցում ենք ակնկալում, երբ ասում ենք, որ դասագրքում քարտեզ ունենալը օգտակար կլինի։ Այս տեսակի մակերեսային փոփոխությունները գուցե և պետք են, բայց չեն շոշափում պատմության ուսուցման հիմնական խնդիրները և դրանք լուծելու հնարավոր ուղիները։ Օրինակ՝ մեզ դասագրքեր ընդհանրապես անհրաժե՞շտ են։ Ի՞նչ մեթոդաբանությամբ պիտի երեխաները պատմություն սովորեն դասարանում։ Գործունեության ի՞նչ տեսակներ են օգնում սովորողներին յուրացնել մատուցվող նյութը։ Այս հարցերը կարևոր են, քանի որ դասագրքերը գործիք են, ուսուցման տեխնոլոգիա, և մենք կարծում ենք, որ տեխնոլոգիան ոչ թե պատասխան է, այլ հարց։ Դասագրքերում ավելացնել այնպիսի նյութեր, որոնք քննադատական ու բազմատեսանկյուն չեն, լուծում չէ առկա խնդիրների։
Տես նաև՝
Այս հոդվածը գրվել է ուսուցիչների և սովորողների միջև կայացած երկխոսության հիման վրա՝ «Միջսերնդային երկխոսություն» ծրագրի շրջանակներում, որ իրականացնում է «Պարադիգմա կրթական հիմադրամը»՝ համագործակցելով «Ֆրիդրիխ Նաումանի հիմադրամի» հետ։ Անձի ինքնության գաղտնիությունը պաշտպանելու նպատակով երկխոսության մասնակիցների իրական անունները փոփոխվել են։
Comentarios